Պաշտամունքային կառույցների օտարման որևէ նախադեպ չենք ունեցել, մտացածին նախաձեռնություն է, ՀԱԵ-ի նկատմամբ սանձազերծված արշավանքի և նսեմացման մի մաս. Գալստյան
24/02/2026 11:46

Պաշտամունքային կառույցների օտարման որևէ նախադեպ չենք ունեցել, մտացածին նախաձեռնություն է, ՀԱԵ-ի նկատմամբ սանձազերծված արշավանքի և նսեմացման մի մաս. Գալստյան

Նախագիծն, ըստ էության, հիմք չունի, «հող չունի իր տակ», որովհետև նման նախադեպ չենք ունեցել։ Այս մասին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Գալստյանի խոսքով՝ Մայր Աթոռի տարբեր հոգևորականներ նշել են, որ ընդհանրապես դեմ են պաշտամունքային կառույցների՝  եկեղեցիների, վանքերի և վանական համալիրների որևէ ձևով օտարմանը, բայց նաև չկա որևէ փաստ, երբ պետական ցանկում ներառված նմանատիպ պաշտամունքային կառույց երբևէ օտարվել է։

Ըստ պատգամավորի՝ նախագիծը ինքը դիտարկում է որպես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի և դրա նսեմացման մի մաս։

«Սա մտացածին նախաձեռնություն է և, այսպես թե այնպես, սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ չի լուծում»,- նշեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների ներկայացրած նախագծով հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի օտարել ցանկացած երրորդ անձի՝ հատուցմամբ կամ անհատույց՝ բացառապես կառավարության համաձայնությամբ։ Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը, եթե կա տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, եթե գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված։

Պաշտամունքային կառույցների օտարման որևէ նախադեպ չենք ունեցել, մտացածին նախաձեռնություն է, ՀԱԵ-ի նկատմամբ սանձազերծված արշավանքի և նսեմացման մի մաս. Գալստյան