.png)
Հուշարձանների պաշտպանության թեման, գուցե, դառնա երկու հոգևորական խմբերի համերաշխության և խնդիրների լուծման կետը. Ղազարյան
Նախագծի շուրջ բանավոր առաջարկներ և դիտարկումներ ստացել եմ երկու հոգևորականների խմբերից էլ և ուրախ եմ, որ առնվազն հուշարձանների հարցում համերաշխ են օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ․ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկմանը հայտարարեց նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Բարեփոխումների օրակարգի շրջանակում հոգևորականներից ստացել եմ առաջարկություն, որ պետք է խստացնել սեփականության տնօրինման իրավունքի հետ կապված հարցերը, և հրապարակայնորեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է և որոշել, որ պետք է խստացնել սեփականության իրավունքի տնօրինման հետ կապված հարցերը։ Կոնկրետ այս օրենքի հետ կապված՝ անկախ սեփականության ձևից, պետք է արգելել. այսինքն՝ պայմանական, եթե համայնքին է պատկանում, համայնքն էլ չի կարող օտարել առանց կառավարությանը տեղեկացնելու»,- ասաց նա՝ անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի բարձրացրած մտահոգությանը։
Ղազարյանը նշեց, որ երկու հոգևորականների խմբերից էլ իրար շատ նման առաջարկներ են հնչել։ «Ուրախ եմ, որ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, բոլոր հոգևորականները, ովքեր ունեն տարբեր կարծիքներ տարբեր հարցերի՝ այդ թվում քաղաքական հարցերի և այս գործընթացների շուրջ, առնվազն հուշարձանների հարցում համերաշխ են օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ»,- ասաց նա։
ՔՊ պատգամավորը հույս հայտնեց, որ, գուցե, հենց այս հարցը դառնա համերաշխության ընդհանուր կետը․
«Վերջին ամիսներին անդադար հնչում է մտահոգությունը և առաջարկը, որ գուցե համերաշխության կետ գտնվի, գուցե, կա ինչ-որ բան, ինչի շուրջ համաձայն են, և այդ համաձայնության կետից այս երկու հոգևորականների խմբերը սկսեն շարժվել դեպի խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ սա հրաշալի առիթ է, որպեսզի լինի այդ համերաշխության կետը, որովհետև համանման առաջարկներ, մտքեր և դատողություններ երկու խմբի հոգևորականներից լսել եմ և հույս ունեմ, որ համերաշխության օրակարգին կաջակցի նաև ընդդիմությունը»։
Ղազարյանը հաստատեց, որ բոլոր հուշարձանների պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն է։ «Պետք է հավուր պատշաճի կարգավորում ունենանք, և սա չպետք է լինի աշխատանքի վերջը, այլ ընթացիկ փուլ է»։