.jpg)
2025-ին պարենամթերքի և՛ ներկրման, և՛ արտահանման ծավալներն աճել են. ավելի շատ կարագ, բանջարեղեն, մակարոնեղեն, ալյուր, միս է ներմուծվել, ավելի շատ՝ միրգ, ձու, պանիր, գինի արտահանվել
2025թ.-ին հանրապետությունում աճել են պարենամթերքի և՛ ներկրման, և՛ արտահանման ծավալները։
ԱՎԿ տվյալներով՝ 2025թ. հանրապետություն ներմուծված ապրանքների 14.1%-ը բաժին է ընկել պարենամթերքին (2024թ.՝ 8.7%), իսկ արտահանման ծավալներում՝ 19.9% (2024թ.՝ 10.3%)։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պարենամթերքի արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով նախորդ տարվա համեմատ աճել է 23.6%-ով և կազմել 3 515.2 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում՝ պարենամթերքի ներմուծումը՝ 1 840.8 մլն. ԱՄՆ դոլար և արտահանումը՝ 1 674.4 մլն. ԱՄՆ դոլար։
ԱՎԿ տվյալներով՝ 2025թ. նախորդ տարվա համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից շաքարի ներմուծման ծավալը նվազել է 71.7%-ով և կազմել 11.4 հազ. տոննա, կաթինը՝ 13.6%-ով և կազմել 15.4 հազ. տոննա, ձվինը՝ 5.0%-ով և կազմել 0.3 հազ. տոննա, մրգինը՝ 4.3%-ով և կազմել 101.3 հազ. տոննա:
Փոխարենն ավելացել են կարագի (51.3%-ով), բանջարեղենի (35.9%-ով), մակարոնեղենի (29.5%-ով), ալյուրի (16.8%-ով), տավարի մսի (16.0%-ով), բրնձի (14.4%-ով), թռչնի մսի (12.9%-ով), պանրի (7.4%-ով), բուսական յուղի (6.8%-ով), ցորենի (5.1%-ով) ներմուծման ծավալները, իսկ խոզի մսի ներմուծման ծավալը մնացել է անփոփոխ։
Պարենամթերքի արտահանման ծավալներում գերակշռել է միրգ ապրանքախումբը: Այսպես, 2025թ. արտահանվել է 104.9 հազ. տոննա միրգ, ինչը 12.2%-ով ավելի է 2024թ.-ի ցուցանիշից: Պարենամթերքի արտահանման ծավալներում ավելացել են նաև ձվի (2.8 անգամ), պանրի (4.8%-ով), գինու (0.3%-ով) արտահանման ծավալները: Փոխարենը նվազել են կոնյակի (19.9%-ով), հանքային ջրի (0.8%-ով) արտահանման ծավալները։