.png)
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում է
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կլինի Լիբանանում, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։
Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։
Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։
Համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ․ յուրաքանչյուրն իր ոճով ու հնչերանգով հարստացնում էր երեկոյի բազմերանգ գունապնակը։
Այս հյուրախաղերն ունեն պատմական նշանակություն․ ՀՊԿՆ-ն Լիբանանում հանդես կգա 27 տարվա ընդմիջումից հետո՝ լիբանանյան հանդիսատեսին ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգաշարը նպատակ ունի ամրապնդելու մշակութային կապերը հայկական սփյուռքի և Հայաստանի միջև, ինչպես նաև ներկայացնել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակում։
Հյուրախաղերը կազմակերպվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA (Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիա) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ՝ Լիբանանի համազգային վարչության հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։