Ջրամատակարարման նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նաև անցյալ տարի. աղմուկը նախընտրական շրջանի հետևանք է. Ջրային կոմիտեի նախագահ
26/02/2026 14:27

Ջրամատակարարման նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նաև անցյալ տարի. աղմուկը նախընտրական շրջանի հետևանք է. Ջրային կոմիտեի նախագահ

«Վեոլիա ջուր»-ը շուրջ 5 ամիս 17-ժամյա գրաֆիկի անցնելու մասին հայտարարությունը նախապես մեզ հետ չի համաձայնեցրել․ լրագրողների հետ զրույցում պնդեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Դիտարկմանը, թե լինո՞ւմ է, որ առանց համաձայնեցնելու որոշում կայացնեն և հրապարակեն՝ պատասխանեց, որ փաստացի եղել է, և այդ պատճառով էլ Կառավարության կողմից նախկին գրաֆիկին վերադառնալու որոշում է կայացվել։

«Այն, որ ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, փաստ է, այսինքն՝ «Վեոլիա ջուր»-ը չի խաբում, ասում է նախապես, որ «ժողովո՛ւրդ ջան, ամառվա ամիսներին ես 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել», ինչն այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցն այն է՝ այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պետք է լինի մարզից մարզ, փողոցից փողոց»,- ասաց նա։

Ավելին, ըստ Ղալամքարյանի՝ «Վեոլիա ջուր»-ը ջրամատակարարման նույն ժամանակացույցը երեք փողոցի տարբերությամբ հրապարակել է անցյալ տարվա նոյեմբերին, սակայն նման աղմուկ չի բարձրացել։

«Ընդամենը երեք հասցեի փոփոխություն է։ Մենք բոլորս հասկանում ենք՝ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո՛, ոմանց կողմից օգտագործվում են։ Բայց Վեոլիան ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակել ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վեոլիայի հետ այն է, որ այդ ժամանակացույցը կարելի էր լավարկել և ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, այսինքն՝ ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություններ լինեն։ Տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Կառավարությունն իր կողմից երեկ վերահաստատել է, որ նպատակային քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան»,-ասաց նա։

Հավաստիացրեց, որ այն հասցեներում, որտեղ գրված է եղել 17 ժամ, կլինի ժամերի ավելացում, բայց ջրանջատումներ, միևնույն է, կլինեն։

Կոմիտեի նախագահը նշեց՝ ծրագիր ունեն, որի գաղափարը հղացել է երեք տարի առաջ․

«Իմ նշանակումից հետո իրական քայլեր են արվել։ Տարբերությունն այն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ կառավարությունը փորձում է օգնել Վեոլիային՝ ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալու համար։ Ինչ ենք անելու դրա համար՝ ներդրումային ծրագրեր ենք իրականացնելու, կապիտալ աշխատանքներ, նոր ջրաղբյուրներ ենք բերելու և կարգավորումներ ենք իրականացնելու։ Երկու շաբաթ ժամանակ տվեք՝ աշխատենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Վեոլիայի հետ։ Արդյունքները մի ամսից կիմանաք»։

Ջրամատակարարման նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նաև անցյալ տարի. աղմուկը նախընտրական շրջանի հետևանք է. Ջրային կոմիտեի նախագահ