.jpg)
«Հրապարակ». Ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սևանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի և նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, և գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։
2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և մի իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, և դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր:
Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երևի միայն Վարդապետյանին է հայտնի»։