Հանցագործությունների անպատժելիությունն Ադրբեջանին օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց գագաթնակետը Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումն էր. «Ջենեսիս Արմենիա»
27/02/2026 21:34

Հանցագործությունների անպատժելիությունն Ադրբեջանին օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց գագաթնակետը Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումն էր. «Ջենեսիս Արմենիա»

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հայտարարությունը Սումգայիթում 1988 թվականին հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ.

«1988թ. փերտվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր և դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում են 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից՝ պետական ​​մեղսակցության պայմաններում՝ նշանավորելով էթնիկ նպատակաուղղված ոճրագործությունների աճ: Այս ջարդերը և դրան հաջորդած հակահայկական բռնությունները Բաքվում և այլուր, այն ժամանակ լայնորեն դատապարտվեցին միջազգային հանրության կողմից։

Այս հանցագործությունների անպատժելիության ժառանգությունն օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց ամենավերջին գագաթնակետը հանդիսացավ 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության լայնամասշտաբ էթնիկական զտումը: Ավելին, հայ ռազմագերիների և Արցախի նախկին պաշտոնյաների ապօրինաբար կալանավորումն ու դատավարությունը Բաքվում շարունակությունն է Ադրբեջանի հակահայկական ոճրագործությունների:

Միայն բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, տեղահանված հայ բնակչության Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը և նրանց պաշտպանության համար միջազգայնորեն վերահսկվող անվտանգության ամուր երաշխիքների ստեղծումը կարող են նպաստել տարածաշրջանում կայունության վերականգնմանը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանություններով և բռնություններով:

Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ շարունակում է պատմական ռեվիզիոնիզմի քաղաքականությունը, ինչը նույնպես մարդկության քաղաքակրթական և արժեքային համակարգի նկատմամբ հանցագործություն է: Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու համար, նշել, որ «Հայաստան թշնամին» պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։

Արցախ՝ իրենց հայրենիք հայերի անվտանգ և հավաքական վերադարձը, երկարաժամկետ անվտանգության ապահովումը, վճռական քայլ կհանդիսանան ազգերի հաշտեցման ճանապարհին և զգալի բեկում բռնության ցիկլերից, որոնք խոցել են սերունդներին, ներառյալ Սումգայիթը: Միայն նման կոնկրետ միջոցառումների միջոցով տարածաշրջանը կարող է դուրս գալ անցյալի հանցագործություններից և հիմք դնել տևական խաղաղության»։