.jpg)
Այս իշխանության համար զինվորի մահը սովորական բան է դարձել. իրավապաշտպան
Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել։ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ բանակում նման դեպքերի պատճառը կրիմինալ մթնոլորտն է։
«Կրիմինալ մթնոլորտն է բերում սրան, մահվան դեպքերը վկայություն են, որ ոչինչ չի փոխվում, ոչինչ չեն փոխում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ այս իշխանության համար զինվորի մահը սովորական բան է դարձել։
«Պատերազմից հետո, այդքան զոհեր ունենալով, չմտածեցին, որ փոխեն ինչ-որ բան, որ այդքան զոհերին չավելանան նորանոր զոհեր։ Իրենք խոսում են սահմանի խաղաղությունից, բայց չեն խոսում բանակի ներսում մահվան դեպքերից։ Անցյալ տարի 34 մահվան դեպք է գրանցվել տարբեր խնդիրներով, սա նրանց չի անհանգստացնում, որևէ մեկը չի մտածում, որ պետության պատասխանատվությունն է, որպեսզի չխախտվի զինվորի կյանքի իրավունքը, որ զինվորը ողջ-առողջ վերադառնա, բայց սրանք որևէ պատասխանատվություն չունեն, որովհետև վերահսկողություն չկա, որովհետև իրենք մտահոգված չեն այս հարցով, հիմա էլ նախընտրական շրջան է, Աստված ոչ անի, որ էլի լսենք նման դեպքերի մասին»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Ալեքսանյանը պնդում է՝ բանակի ղեկավարությունը պետք է փոխի կրիմինալ մթնոլորտը, որն այսօր կա։ Պետք է աշխատեն օրենքներով ու կանոնադրությամբ, իսկ եթե կան այդ դեպքերը, Քննչական կոմիտեն պետք է բացահայտի, որ կանխագելիչ դեր ունենա, որ բանակի ներսում չունենանք այդքան զոհ։
«Բայց Քննչական կոմիտեն չի բացահայտում դեպքերը, իրավիճակը մնում է նույնը, ակնհայտ է՝ վերահսկողություն չկա, չկա նաև հանրային վերահսկողություն, առաջ կային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք միավորվում էին, հայտարարություններ էին անում, մի տեսակ վերահսկողություն կար, բայց հիմա բացարձակ ազատ են ամեն տեսակ վերահսկողությունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծնողներին չի ընդունում, չի պատասխանում ծնողների հարցերին, թե ինչու են սպանում իրենց որդիներին խաղաղ պայմաններում, իսկ խաղաղ պայմաններում ծնողների բողոքի ակցիաներն ավարտվում են բռնությունով»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Հոգևոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացրել Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցել։ Ինքնախեղման, սպանությունների, բազմաթիվ վեճերի կանխմանը գնդերեցներն անմիջական մասնակցություն են ունեցել։
Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ գնդերեցների դերը, այո՛, մեծ նշանակություն է ունեցել զինվորների կյանքում։
«Այսօր բանակից հեռացվել են նրանք, գնդերեցների ներկայությունը բանակում մեծ նշանակություն ուներ, բայց, փաստորեն, սա ևս քաղաքական լուծման արժանացավ եկեղեցու դեմ արշավի համատեքստում»,- հավելեց իրավապաշտպանը։