Իրանը փորձում է այնպես անել, որ ցամաքային ներխուժման «ճանապարհից» օգտվողներ չմնան. Ոսկանյան
06/03/2026 18:47

Իրանը փորձում է այնպես անել, որ ցամաքային ներխուժման «ճանապարհից» օգտվողներ չմնան. Ոսկանյան

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ սանձազերծված պատերազմին ու դրա վերջին զարգացումներին է անդրադարձել.

«Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդները դիստանցավորվում են քրդական գործոնն Իրանի դեմ օգտագործելու ծրագրից, որովհետև անհանգստացած են ինքնավարության ներսում ավելորդ ռազմաքաղաքական և տնտեսական անկայունության հեռանկարից։

Այն, որ այդ ծրագիրը լրջորեն փորձ է արվում օգտագործել Իրանի դեմ պատերազմում, ուղղակիորեն փաստվում է նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այն անթաքույց հայտարարությամբ, թե ինքը կաջակցի քրդական ուժերին, եթե նրանք ցամաքային գործողություն սկսեն Իրանի դեմ։

Դատելով առկա տեղեկատվությունից՝ երեկ գիշեր և այսօր առավոտյան ամերիկյան և իսրայելական օդային հարվածների մի խոշոր հատված կենտրոնացած է եղել Իրանի Քրդստան նահանգի և դրա կենտրոն Սանանդաջի ուղղությամբ, ինչով փորձ է կատարվում «ճանապարհ հարթել» ցամաքային ներխուժման համար։

Իրանական կողմն իր հերթին հուժկու հարվածներ է հասցրել Իրանից սերող երկու քրդական կուսակցությունների ճամբարներին՝ Իրաքյան Քրդստանի տարածքում։

Ըստ այդմ, այն դեպքում, երբ Իրանի հակառակորդները ձգտում են «ճանապարհ» բացել ցամաքային ներխուժման համար, Իրանը փորձում է անել այնպես, որ այդ «ճանապարհից» օգտվողներ չմնան»։