.jpg)
«Հրապարակ». Նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգևատրում են ոչ միայն կանանց, այլև՝ տղամարդկանց
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում, ինչպեսև սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգևավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաև տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, և այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգևատրում են ոչ միայն կանանց, այլև՝ տղամարդկանց։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգևատրումների ֆոնդից պարգևատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։
Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգևատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգևատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։ Ընդ որում, որոշ մարզպետարաններում` տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգևավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաև 10-15 հազարով բավարարվել»։