.jpg)
Աշխարհից հեռու՝ Արագածոտնի լեռներում․ ինչպես են ապրում Ղազարավանի մենաստանի միանձնուհիները (Տեսանյութ, Լուսանկարներ)
Արագածոտնի լեռների մեջ թաքնված Ղազարավանի մենաստանն առաջին հայացքից սովորական վանական համալիր է թվում։ Սակայն այստեղ կյանքը լիովին տարբեր է այն աշխարհից, որին սովոր ենք։

Այստեղ ապրող միանձնուհիները հրաժարվել են աշխարհիկ կյանքից՝ ընտրելով աղոթքի, հնազանդության և լռության ճանապարհը։
Օրը մենաստանում սկսվում է վաղ առավոտյան աղոթքով։ Այնուհետև այստեղ ապրող ութ միանձնուհիները զբաղվում են իրենց առօրյա գործերով՝ հոգ տանելով մենաստանի մասին, աշխատելով և շարունակելով իրենց հոգևոր ծառայությունը։

Այդ ամենն արվում է ցածրաձայն, առանց ավելորդ աղմուկի։
Ամենահետաքրքիր հարցը, որը ծագում է յուրաքանչյուրիս մտքում, թերևս սա է՝ ինչո՞ւ։
Ի՞նչն է ստիպում կնոջը թողնել ընտանիք, հնարավոր կարիերա և աշխարհիկ կյանք՝ ընտրելով խիստ կանոններով այս ճանապարհը։

Մենաստանի հնաբնակներից քույր Շուշանիկը, որ այստեղ է 2018 թվականից, պատմում է, թե որոշումը մեկ օրում չի կայացրել.
«Քրիստոնեական դաստիարակություն եմ ստացել, իմ մեջ խորը հետք է թողել հատկապես Տիրոջ ինքնազոհաբերումը։ Հասկանում էի, որ առանց անձնազոհության որևէ բարի գործ չես կարող անել։ Մտածում էի ուսումն ավարտելուց հետո աշխատել կա՛մ ծերանոցում, կա՛մ մանկատանը։ Բայց Սուրբ Պատարագի խորհրդին ծանոթանալուց հետո վերջնական որոշում կայացրի միանձնուհու կյանքով ապրելու»։
Քույր Շուշանիկն ասում է՝ հարազատները կարող են այցելել իրենց՝ երբ ցանկանան։
Իսկ իրենք ավելի ուշ-ուշ են փորձում տուն գնալ։ Կարծում է՝ սխալ է ավելի հաճախ գնալը։ Ինչ վերաբերում է երկմտելուն, ապա այդպիսի միտք երբեք չի ունեցել։
Մենաստանի մայրապետը՝ մայր Եղիսաբեթն էլ հատուկ ընդգծում է, որ միանձնուհիների համար առաջնահերթությունը հնազանդությունն է։
Հարցին, թե ո՞վ կարող է գալ մենաստան և դառնալ միանձնուհի, մայր Եղիսաբեթը պատասխանում է՝ 18-ից 50 տարեկան յուրաքանչյուր հավատացյալ կին, ով իր մեջ զգում է Աստծուն նվիրվելու կոչումը։
«Պետք է իսկապես վստահ լինեն, որ կդիմանան։ Այստեղ առաջնահերթը հնազանդությունն է, ինչն էլ ամենադժվարն է»։

Մայրապետն ասում է, որ միանձնուհիներն իրավունք ունեն դարձյալ վերադառնալու աշխարհիկ կյանք, քանի որ Աստծո առջև ուխտ չեն արել։
«Արգելք չկա, բայց ցավալի կլինի։ Եթե իսկապես սեր ունեն առ Աստված, ուրեմն չեն հեռանա»,-ասում է մայր Եղիսաբեթը՝ հավելելով, որ դա իրեն չի վերաբերում, քանի որ ինքն Աստծո առջև ուխտ է արել։
Քույր Անահիտը, ով ըստ կարգի «ամենափոքրն» է համարվում մենաստանում, քանի որ այստեղ ամենավերջինն է եկել, չորս թոռ ունի։

«Վանքը միշտ եղել է իմ սրտում, բայց ընտանիք կազմելուց հետո էլ չէի մտածում, թե կկարողանամ երազանքս իրականացնել։ Եղավ մի պահ, երբ զգացի, որ աշխարհում խեղդվում եմ և որոշեցի գալ այստեղ։ Սկզբում, երբ եկա, հարազատներս մտածում էին, թե ինչ-որ խռովք է եղել, դրա համար եմ այստեղ, բայց դա բոլորովին էլ այդպես չէ»,-ասում է քույր Անահիտը։
Նա նշում է, որ մենաստանն իրենց համար հրաժարում չէ, այլ՝ գտնում։
«Շատերը կարծում են, թե մենք ինչ-որ բան ենք կորցրել, բայց իրականում այստեղ մենք խաղաղություն ենք գտնում»։
Վանական կյանքն ընտրած կանայք ասում են, որ թեև հեռու են աշխարհիկ կյանքի վայելքներից, բայց իրենց կյանքը շատ ավելի լեցուն է ու Աստծով ավելի երջանիկ։

Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները քույրերին ամեն օր դասավանդում և ժամերգություն են կատարում մենաստանի հարևանությամբ գտնվող սուրբ Նարեկ եկեղեցում, իսկ կիրակի օրերին՝ Սուրբ պատարագ մատուցում։
Ժամերգություններից բացի, քույրերը տարբեր հնազանդություններ են կատարում. կարում, գործում, մոմ պատրաստում, կենդանիների մասին հոգ տանում, այգին մշակում, ինչպես նաև օգնում հարակից համայնքի երեխաներին՝ դասերի հարցում։

Մենաստանում կյանքը պարզ է և խիստ կանոնակարգված, սակայն միանձնուհիները վստահեցնում են՝ այստեղ ժամանակը հոսում է այլ կերպ։
Լռությունը, որը առաջին հայացքից կարող է ծանր թվալ, նրանց համար դարձել է ներքին խաղաղության աղբյուր։
Երբ հեռանում ես մենաստանից, թվում է՝ աշխարհը նույնն է մնացել։ Բայց մի բան փոխվում է․ հասկանում ես, որ այս լռության մեջ ապրող մարդիկ իրենց ընտրած ճանապարհով փորձում են պահել մի բան, որը ժամանակակից աշխարհի աղմուկի մեջ հաճախ կորում է՝ հավատը, համբերությունն ու ներքին խաղաղությունը։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)