Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը
10/03/2026 13:43

Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին։

Գործը վարույթ ընդունելու մասին տեղեկություն, սակայն, դեռևս չկա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։  Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ 

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։

Մարտի 5-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց կալանքից անհապաղ ազատ արձակել Սրբազանին։

Արշակ Սրբազանի գործը կքննի դատավոր Գևորգ Մանուկյանը