.jpg)
Փաշինյանը մեղադրում է որոշ հոգևորականների՝ «պատերազմի կուսակցություն» ձևավորելու մեջ
Իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին, ու եթե 2024-ի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք, Եվրոպական խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ, արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե հիմա սահմանամերձ Կիրանցը տների մոտ 50 տոկոսի աճ է ունեցել կառավարության աջակցությամբ։
«Խաղաղության դեմ տարվող այս գործընթացում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ ԵԽ-ում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե կան քաղբանտարկյալներ։ Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»։
Փաշինյանն ասաց, թե նոր պատերազմ թույլ չեն տալու։
«Թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվեն հակաքրիստոնեական նպատակների համար»։