.jpg)
TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը
TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է, Եվրոպական խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր և նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս և հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, սա դարակազմիկ փոփոխություն է»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե այս զարգացումները նոր հնարավորություններ են բացում ԵՄ-ի ու Հայաստանի համար՝ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու և կոնկրետացնելու տեսակետից։
«Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Այն որևէ կերպ չի նսեմացնում ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ Հայաստանն է սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։