.png)
Եթե Փաշինյանը իշխանության մնա, վաղը գուցե չկարողանանք խոսել նաև Հայաստանի շատ մարզերի մասին․ Մետաքսե Հակոբյան
«Այս հանցավոր իշխանությունը, որն ըստ էության խոստովանել է, որ հանձնել է Արցախը, պատճառ դարձել մեր մատաղ սերնդի զոհվելուն, մեծացրել է Եռաբլուրն ու Եղբայրական գերեզմանատունը, առնվազն 2021-ին ոչ թե պետք է վերընտրվելու հնարավորություն ստանար, այլ արդեն իսկ պետք է կրեր իր պատիժը՝ օրենքի ողջ խստությամբ։ Ցավոք, մենք հենց ամենակարևոր ժամանակահատվածը բաց թողեցինք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան վերջին հայտարարություններին։
Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր անում է Հայաստանի գործող իշխանությունը, բխում է հենց այդ բացթողումից։
«Մենք մտածում էինք, որ հայը չի կարող մինչև վերջ գնալ և սպասարկել թուրքական օրակարգը։ Բայց արի ու տես, որ մեր իշխանությունները հենց այն մարդիկ են, ովքեր սպասարկում են թուրքական և ադրբեջանական օրակարգը։ Եվ նաև՝ Եվրախորհրդարանի ամբիոնից Փաշինյանը ոչ միայն հերթական անգամ փորձում էր ընդհանրապես վերացնել Արցախի հարցը, այլև իր գոյությամբ, իր խոսքով, իր բերանը բացելով՝ ամեն օր, ամեն վայրկյան փորձում է աշխարհին համոզել, իբրև մեզ համար Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Նա երեկ էլ Եվրախորհրդարանում նվաստացնում էր, ստորացնում էր մեզ, և հերթական անգամ շատ վտանգավոր իրավիճակի մեջ դրեց Հայաստանի Հանրապետությունը։
Մեր առաջ կանգնած է մի մարդ, որը չունի կարմիր գծեր։ Նրա միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է։ Նրա համար թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը որևէ նշանակություն չունեն, պատրաստ է ամեն ինչի, ցանկացած քայլի, միայն թե կարողանա պահել իր իշխանությունը։ Ուստի մտածել, թե դասական քաղաքական գործընթացներով՝ քարոզարշավով, ընտրություններին պատրաստվելով և ընտրություններում հաղթելով՝ կարող ենք արմատախիլ անել այս չարիքը, կարծում եմ՝ հերթական միամտությունն է»։
Արցախի ԱԺ պատգամավորն ասում է՝ պետք է համազգային գիտակցական շարժում լինի։
«Միայն այդպես մենք կարող ենք հնարավորություն ունենալ վերականգնելու Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն ու սուվերեն տարածքները, կրկին խոսելու Արցախի, այնտեղ մեր վերադարձի մասին։
Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ այս մարդը, որը տարբեր միջազգային ամբիոններից խոսում է մեր անունից, չի ներկայացնում հայ ժողովրդի ցանկությունները, նպատակները կամ երազանքները։ Դրանք ընդամենը մեկ մարդու ցանկություններն ու նպատակներն են, որոնք որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ»։
Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ կիրառել բռնություն, մարդկանց աշխատանքից ազատել, արգելել «Արցախ» անունը հնչեցնել, որովհետև ստացել է «կանաչ լույս»՝ շարունակելու իշխանավարել նույնիսկ 2020-ից հետո։
«Հետևաբար, ամեն ինչ պետք է ուղղված լինի մեկ նպատակի՝ այս մարդկանց հեռացնել իշխանությունից և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Մենք այլ ելք չունենք։
Սա պետք է բոլորս գիտակցենք՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Պետք է հասկանանք, որ քանի դեռ այդ մարդը իշխանության է, մենք չենք կարողանալու խոսել Արցախի մասին։ Եվ գալու է ժամանակ, երբ գուցե չկարողանանք խոսել նաև Հայաստանի շատ մարզերի մասին»։