Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել
12/03/2026 14:31

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել։

Տեղեկությունն Aysor.am-ին ասել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա նշել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա նիստը ձախողվել է։

«Նրանց նպատակը եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողելը, ինչը և ստացվել է, աշխարհիկ բոլոր ադամները հրավիրվել են Քննչական կոմիտե, նիստը չի կայացել»,- նշեց Դանիելյանը։

Նա ասաց, որ հայտարարությամբ են հանդես գալու։

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 

Հեղինակ`Անի Վարդանյան