Սրբազան Հայրերին այսօր կանչել են Քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան
13/03/2026 17:43

Սրբազան Հայրերին այսօր կանչել են Քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան։

Սրբազան Հայրերի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը պահպանվել է, միայն Վահան Սրբազանի մասով է վերացվել արգելքը, որպեսզի կարողանա բուժման նպատակով դուս գալ երկրից։

Փաստաբան Վրեժ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բացահայտ իրավունքի չարաշահում է, անմիջական միջամտություն է Մայր Աթոռի բնականոն առաքելության իրականացմանը»,- նշեց նա։

Նշենք, որ երեկ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 

 

 

Սրբազան Հայրերին այսօր կանչել են Քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան