Գիտենք՝ ինչպես արձագանքել, եթե իշխանությունը փորձի ընտրական գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծել. Գոհար Մելոյան
13/03/2026 19:00

Գիտենք՝ ինչպես արձագանքել, եթե իշխանությունը փորձի ընտրական գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծել. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը թույլ չտա «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը մասնակցել ընտրություններին, ասաց․

«Մենք նման զարգացում աչքի տակ ունենք և, ըստ էության, տեսնում ենք հնարավոր երկու զարգացումներ։ Զարգացումներից մեկը վերաբերում է կուսակցության գրանցմանը։ Մենք ուզում ենք տեղեկացնել մեր հանրությանը, որ մեր կուսակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը», արդեն գրանցված է։ Մեր կուսակցության կառավարման մարմինը՝ խորհուրդը, նույնպես արդեն գրանցված է։ Հաջորդիվ պետք է լինի մեր գրանցումը՝ որպես ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժ։ Այդ փաստաթղթերի ներկայացման և գրանցման գործընթացը սկսվում է ապրիլի 13-ից։ Ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը գրանցման համար, իսկ մինչև մայիսի 3-ը արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետք է իրականացվեն գրանցումները։

Հնարավոր են երկու զարգացումներ, թե ինչպես կարող է իշխանությունը միջամտել։ Մի տարբերակի դեպքում քաղաքական ուժին ի սկզբանե չեն գրանցում։ Մյուս տարբերակի դեպքում քաղաքական ուժը մասնակցում է նախընտրական քարոզչությանը, սակայն հենց քարոզարշավի ընթացքում, օրինակ՝ ընտրություններից 2-3 օր առաջ, ինչ որ հիմքով քաղաքական ուժի գրանցումը կարող են անվավեր ճանաչել։ Եթե իշխանությունը գնա նման բախտորոշ քայլի և արհեստական պատճառներով մեզ թույլ չտա մասնակցել ընտրական գործընթացին, ապա առաջ կգա ողջ ընտրությունների լեգիտիմության հարց։ Բնականաբար, մենք այս հնարավոր զարգացումները նկատի ունենք և պատկերացում ունենք, թե ինչ քայլերով պետք է արձագանքել նման իրավիճակներին»։

 

Գիտենք՝ ինչպես արձագանքել, եթե իշխանությունը փորձի ընտրական գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծել. Գոհար Մելոյան