Փորձությունները պիտի ընկալենք որպես հնարավորություն. հավատքով ամուր լինենք՝ կհաղթահարենք ամեն իրավիճակ. Տեր Միքայել (տեսանյութ)
14/03/2026 14:13

Փորձությունները պիտի ընկալենք որպես հնարավորություն. հավատքով ամուր լինենք՝ կհաղթահարենք ամեն իրավիճակ. Տեր Միքայել (տեսանյութ)

Այս կիրակին Մեծ Պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակին է, որը հիշեցնում է՝ անկեղծ աղոթքը պիտի դառնա մեր կյանքի անբաժան մասը: Որքան էլ դժվար և անելանելի թվա դրությունը, չպետք է հուսահատվել, այլ անդադար, անտրտունջ, հարատև աղոթել և վստահ լինել, որ Տերը կլսի մեր աղոթքը:

Աստված այն մարդկանց պաշտպանն է, որոնք զոր ու գիշեր աղոթքով դիմում են Նրան, ապավինում Նրան, ապրում Աստծո պատվիրանների համաձայն, ունեն խոնարհ սիրտ:

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ պահեցողության ընթացքը լավագույն հնարավորությունն է մեզ՝ ինքնապատրաստության շրջանի, փորձությունները հաղթահարելու շրջանի, և հարության տոնից հետո շարունակական հոգևոր ընթացքը ունենալու։

«Հիմա մենք գտնվում ենք հոգևոր փորձությունների շրջանում, որը պայմանավորված է Մեծ Պահքով, ինչո՞ւ, ոչ միայն առկա խնդիրները, իրավիճակները, որոնք կան այսօր, այլ, առհասարակ, Մեծ Պահքի ընթացքում մենք հավատացյալների հետ, երբ խոսում ենք Պահեցողության ընթացքի մասին, միշտ ասում ենք, որ փորձությունները էլ ավելի են լինելու Պահքի ընթացքում, քան մինչև այդ կամ դրանից հետո ու պիտի կարողանաք խաղաղությամբ հաղթահարել այդ ամենը, հավատքի ամրությամբ, զորությամբ, եկած փորձությունները պիտի ընկալենք որպես  հնարավորություն, որոնք պետք է զորացնեն մեր հավատքը»,- ասում է Տեր Միքայելը։

Տեր Հոր խոսքով՝  մենք ոչ թե պիտի փորձությունը շրջանցելու մասին մտածենք, այլ՝ հաղթահարելու, պատվով հաղթահարելու, ինչպես որ մեր Տերը հաղթահարեց անապատում փորձությունները, այդպես և մեզ օրինակ տվեց փորձությունները հաղթահարելու. «Կյանքի բոլոր իրավիճակների մեջ կարող են փորձություններ լինել, որոնցից մենք պետք է հաղթանակած դուրս գանք՝ չհուսահատվելով, չընկրկելով, չտկարանալով, չթուլանալով, որովհետև Պողոս առաքյալն ասում է. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով», ուրեմն՝ զորանանք Քրիստոսով ու հավատքով ամուր լինենք, կհաղթահարենք ամեն իրավիճակ»։

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս օրերին փորձությունների միջով է անցնում, հավատավոր հայ ժողովուրդը ցույց տվեց, որ կանգնած է եկեղեցու կողքին, Տեր Միքայելը, սակայն, ասում է՝ պետք է լինենք ոչ թե եկեղեցու կողքին, այլ՝  եկեղեցու մեջ։

«Եթե եկեղեցին մեր մեջ չունենք, եկեղեցու կողքին չենք կարող լինել, որովհետև, առաջին հերթին, եկեղեցին մարդն է, մենք ենք եկեղեցին,  հավատացյալների ժողովն է եկեղեցին։ Յուրաքանչյուր ոք, երբ ամուր է հավատքի մեջ Քրիստոսով, ամուր է նաև իր հոգևոր ընթացքը բոլոր տեսակի ալեկոծությունների ժամանակ»,- ընդգծում է Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը։

Առաջնորդական նոր տեղապահի՝ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի նշանակումից հետո Մասյացոտնի թեմը միասնական է հոգևոր մթնոլորտի մեջ, սեր ու համերաշխություն է թեմում տիրում։

«Հայր Սուրբի նշանակվելով՝ մտերմությունը, սերը, ջերմությունը, համերաշխությունը ավելին է, ոչ թե զուտ հոգևորականներիս մեջ, այլ մեր ներքին հարաբերություններում, ընդհանուր թեմական կյանքում ակտիվություն կա, սեր կա, համերաշխություն կա, Աստծո ողորմությունն է սա, թող Աստծո սերն ու ողորմությունն անպակաս լինի»,- ասում է Տեր Հայրը։

Թեմի հոգևորականների նկատմամբ նախկին առաջնորդ՝ կարգալույծ Արման Սարոյանի կողմից ճնշումներ էին գործադրվում, բայց հոգևորականաց դասը հայտարարել է՝ անկախ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ Արման Սարոյանին չեն ընդունում իրենց թեմական առաջնորդ

Տեր Միքայելն ասում է, որ հիմա ճնշումներ չկան, բայց. «Թե ինչ նախապատրաստություններ ունեն, չենք կարող ասել»։

Հեղինակ`Անի Վարդանյան