Հայաստանում քաղաքական հետապնդումները վերաճել են ընտրական գործընթացին ուղիղ և ապօրինի միջամտության. Արամ Վարդևանյան
14/03/2026 00:55

Հայաստանում քաղաքական հետապնդումները վերաճել են ընտրական գործընթացին ուղիղ և ապօրինի միջամտության. Արամ Վարդևանյան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելով՝ այնպիսի կարևոր փուլում, ինչիսին նախընտրականն է, առաջանում է քաղաքական գործընթացի հավասարության, արդարության, մրցակցության ապահովման լրջագույն խնդիր, հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս մեկ ամսով։

«Այժմ ունենք մի իրավիճակ, երբ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը (նկատի ունի ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին-խմբ.) քարոզարշավ է իրականացնում, նախընտրական ցուցակի ձևավորմանն ակտիվ մասնակցում է, իսկ մյուս կողմից «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում»,- ասաց Վարդևանյանը։

Նա հայտնեց՝  հարցադրմանը՝ արդյոք Սամվել Կարապետյանը կարո՞ղ է սոցցանցի ուղիղ եթերով հրապարակային խոսել, դատական նիստի ընթացքում որպես վարույթ իրականացնող մարմին հանդես եկող քննիչի կողմից դրական պատասխան չի տրվել, սակայն հարցը նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է, դատական ակտը հրապարակվելուն պես՝  այդ մասին կտրամադրվի լրացուցիչ պարզաբանում։

Փաստաբանը կրկին հատուկ շեշտադրեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումները վերաճել են ընտրական գործընթացին ուղիղ և ապօրինի միջամտության։ Այս փուլում, երբ կազմվում են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների նախընտրական ցուցակները, «Ուժեղ Հայասստան» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հաղորդակցության սահմանափակում ունի կուսակցության առանցքային անդամների հետ, և այդ սահմանափակումը դատարանը չհանեց։

«Սամվել Կարապետյանն 9 ամիս է՝ չի կարողանում  Նարեկ Կարապետյանի հետ հաղորդակցվել, ով պետք է գլխավորի «Ուժեղ Հայասստան» կուսակցության նախընտրական ցուցակը, և դատարանը գտավ, որ այդ սահմանափակումը պետք է պահպանվի»,- ասաց Վարդևանյանը։

Նա նաև հայտնեց՝ Սամվել Կարապետյանի տնային կալանքի վերաբերյալ ակտը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։