.jpg)
Մակրոնը կոչ է արել Իրանին դադարեցնել թե՛ ուղղակիորեն, թե՛ իր դաշնակից ուժերի միջոցով հարձակումները տարածաշրջանում
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին նա գրել է X-ում.
«Ես նրան կոչ արեցի անհապաղ դադարեցնել այն անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր դաշնակից ուժերի միջոցով։ Ես նրան հիշեցրի, որ Ֆրանսիան գործում է խիստ պաշտպանողական շրջանակում, որը նպատակ ունի պաշտպանել իր շահերը, տարածաշրջանային գործընկերներին և նավարկության ազատությունը, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվում է»։
Մակրոնը նաև նշել է, որ անվերահսկելի էսկալացիան ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ է գցում, ինչը լուրջ հետևանքներ ունի այսօր և գալիք տարիների համար։ «Իրանի ժողովուրդը, ինչպես և ողջ տարածաշրջանի ժողովուրդները, վճարում են դրա համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա՝ տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։