Հիշենք՝ յուրաքանչյուրիս ներքին սրբացումը և արդար ընթացքը մի քար է մեր ազգի հոգևոր շենքի բարձրացման համար. Տեր Աբրահամ
18/03/2026 09:30

Հիշենք՝ յուրաքանչյուրիս ներքին սրբացումը և արդար ընթացքը մի քար է մեր ազգի հոգևոր շենքի բարձրացման համար. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ Պահքը հենց այն ժամանակն է, երբ մենք կոչված ենք վերականգնելու ներքին արդարությունը՝ մաքրելով մեր սիրտն ու միտքը այն մեղքերից, որոնք «նվազեցնում» ու տկարացնում են թե՛ անհատին, թե՛ ողջ ժողովրդին:

Տեր Աբրահամի խոսքով՝ մեղքը միշտ բերում է անկում և բաժանում, այն մաշում է ազգի հոգևոր ու բարոյական հիմքերը։

««Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում» (Առակաց 14:34)։

​Մեծ Պահքի այս խորհրդավոր ու լռակյաց օրերին, երբ յուրաքանչյուր հոգի փնտրում է իր վերադարձի ճանապարհը դեպի Արարիչը, Առակաց գրքի այս պատգամը հնչում է որպես հոգևոր զարթոնքի և ինքնաքննության կոչ: Արդարությունը, որի մասին խոսում է Սուրբ Գիրքը, սոսկ մարդկային օրենքների հարգումը չէ, այլ հոգու այն վիճակը, որտեղ մարդն ապրում է Աստծո կամքի հետ ներդաշնակության մեջ: Պահքը հենց այն ժամանակն է, երբ մենք կոչված ենք վերականգնելու այդ ներքին արդարությունը՝ մաքրելով մեր սիրտն ու միտքը այն մեղքերից, որոնք «նվազեցնում» ու տկարացնում են թե՛ անհատին, թե՛ ողջ ժողովրդին:

Մեղքը միշտ բերում է անկում և բաժանում, այն մաշում է ազգի հոգևոր ու բարոյական հիմքերը՝ մեզ հեռացնելով կենսատու աղբյուրից: Սակայն արդարությունը բարձրացնում է մեզ, քանի որ այն կառուցված է սիրո, ճշմարտության և զոհողության վրա: Այսօր, երբ մենք աղոթքով ու ապաշխարությամբ քայլում ենք դեպի Հարության լույսը, հիշենք, որ յուրաքանչյուրիս ներքին սրբացումը և արդար ընթացքը մի քար է մեր ազգի հոգևոր շենքի բարձրացման համար:

Թող այս Պահքը դառնա ոչ միայն հրաժարումի, այլև վերափոխման ընթացք, որպեսզի մեր արդար գործերով ու մաքուր հոգով մենք կարողանանք վերստին կանգնել Աստծո առաջ՝ որպես զորացած ու բարձրացած մի ժողովուրդ»,- նշել է Տեր Հայրը։

Հիշենք՝ յուրաքանչյուրիս ներքին սրբացումը և արդար ընթացքը մի քար է մեր ազգի հոգևոր շենքի բարձրացման համար. Տեր Աբրահամ