«Կախված է նրանից, թե որքան կտևի պատերազմը». Կլինի՞ Հայաստանում գնաճ, պատասխանում է տնտեսագետը
18/03/2026 20:10

«Կախված է նրանից, թե որքան կտևի պատերազմը». Կլինի՞ Հայաստանում գնաճ, պատասխանում է տնտեսագետը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը երեկ կանխատեսել էր՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով Հայաստանում գնաճի հավանականություն կա՝ 1․2-1․7%-ով։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի մոտ ԿԲ նախագահի այս հաշվարկի հետ կապված հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա է դա արվել։

Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշել է.

«Գնաճը ձևավորվում է հարյուրավոր՝ մոտ 500 ապրանքների և ծառայությունների հաշվին։ Եթե այդքան «ոսկերչական» ճշգրտությամբ նշվում է՝ 1.2-1.7%, ապա պետք է նաև հստակ լինի՝ ինչի վրա է դա հիմնված։ Նույնիսկ միջազգային հեղինակավոր կառույցները հիմա նման ճշգրտությամբ կանխատեսումներ չեն անում, առավելագույնը տալիս են մոտավոր սցենարներ։ 

Բացի այդ, այս ամենը կախված է նրանից, թե որքան կտևի հակամարտությունը՝ օրե՞ր, շաբաթնե՞ր, թե՞ ամիսներ։ Առանց դրա, նման կոնկրետ թվեր նշելը որքանո՞վ է հիմնավորված։ Այսօր նման գնահատականներ կարելի է անել առավելագույնը առանձին ապրանքատեսակների մասով։ Այսինքն՝ պետք է հստակ ցույց տալ, թե  կոնկրետ որ ապրանքների վրա կարող է ազդեցություն լինել և ինչ մեխանիզմով»։

Այն, որ ԿԲ նախագահը հավանական գնաճը կապում է նաև նավթի գնի բարձրացման հետ, տնտեսագետի խոսքով, ևս պետք է լիովին հիմնավորված լինի.

«Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք ներկրում, ինչ ծավալներով ենք ներկրում, ինչ մասնաբաժին ունի դա ընդհանուր սպառման մեջ և իրականում ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, մյուս երկրներից բերածը կբարձրանա՞, թե՞ կիջնի։

Նման հարցերը հեշտ չեն, սա ռազմավարական մակարդակի խնդիր է, և շատ բան կախված է կոնկրետ զարգացումներից»։

Տնտեսագետը կարծում է, որոշ ժամանակ անց նման թվեր ասելու, այս հարցում շտապողականություն ցուցաբերելու համար զղջալու են, քանի որ գնաճ կարող է կամ չլինել, կամ էլ բոլորովին այլ տոկոսով լինել։  

 

«Կախված է նրանից, թե որքան կտևի պատերազմը». Կլինի՞ Հայաստանում գնաճ, պատասխանում է տնտեսագետը