.jpg)
Սամվել Կարապետյանի ղեկավարումը երաշխավորելու է երկարատև խաղաղություն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Սամվել Կարապետյանի վարչապետությամբ ՀՀ-ն կընդլայնի իր ռազմավարական-տնտեսական կապերը, իսկ նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն ՀՀ՝ աշխարհի տարբեր ծայրերից, այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այսօր և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը շահագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով, և պատմականորեն այդ ճանապարհն անցնում է ՀՀ-ի միջով:
«Սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը: Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն պարզապես համաձայնվելու է միայն այնպիսի տնտեսական հարաբերությունների, որից շահելու է միայն մյուս կողմը, ինչպես, օրինակ, Ադրբեջանից բենզինի ներկրման դեպքում»,- նշեց Կարապետյանը:
Նա պնդեց, որ Հայաստանը պատերազմում պարտվեց թույլ ղեկավարության պատճառով: Նրա խոսքով՝ այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը:
«Փաշինյանի թույլ իշխանությունը միայն ժամանակավոր խաղաղություն է առաջարկում: Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարումը երաշխավորելու է ուժեղ և երկարատև խաղաղություն»,-ասաց Կարապետյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարապետյանի խոսքով՝ մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, ով ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը աշխարհի առաջնորդների հետ գոնե կարող էր հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները:
«Փաշինյանն արդեն 3 պատերազմ է պարտվել, պետք է կանգնեցնենք նրան, որ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի»,- հավելեց Կարապետյանը: