.jpg)
Մեկ տարեկան երեխային սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է
Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը երկու ամսով կալանավորվել է, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ։
«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- Aysor.am-ին հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին մեկ տարեկան երեխան «Կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,- Aysor.am-ին ասել էին «Արաբկիր» բժշկական կենտրոնից: