Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
19/03/2026 17:09

Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր, այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։

«Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- նշել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին մեկ տարեկան երեխան «Կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։

Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել խորթ մայրը։

«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- Aysor.am-ին հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կինը երկու ամսով կալանավորվել է։