Մեծ Պահքի այս շրջանը թող լինի մեզ համար անիրավության կապանքներից ազատվելու և արդարության պտուղներով զարդարվելու ժամանակ. Տեր Աբրահամ
19/03/2026 09:34

Մեծ Պահքի այս շրջանը թող լինի մեզ համար անիրավության կապանքներից ազատվելու և արդարության պտուղներով զարդարվելու ժամանակ. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ Մեծ Պահքի այս օրերին, երբ սիրտը մաքրվում է անիրավությունից, աղոթքը դառնում է անուշահոտ խունկ, որն անարգել բարձրանում է առ Աստված։

««Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը» (Առակներ 15:29)։

Այս պատգամը Մեծ Պահքի շրջանում մեզ հիշեցնում է, որ Աստծուց հեռավորությունը ոչ թե տարածական է, այլ հոգևոր վիճակ։ Ինչպես սովորեցնում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը, մեր մեղքերն ու անիրավություններն են այն պատնեշը, որը թույլ չի տալիս մեր ձայնին հասնել Երկինք, քանի որ «աղոթքը ոչ թե լեզվի շարժում է, այլ սրտի թռիչք»։

Անիրավությունը հոգու մեջ ծնում է մի աղմուկ, որը խլացնում է ներքին խաղաղությունը և մեզ դատապարտում հոգևոր ամայության, որտեղ մարդն օտարվում է իր Արարչից։ Սակայն Սուրբ Գիրքը մեզ հույս է տալիս՝ ասելով. «Արդարների աղոթքը լսելի է Նրան» (Սաղմոս 33:16)։ Արդարությունը ոչ թե անսխալականություն է, այլ մշտական ձգտում դեպի Լույսը։

Մեծ Պահքի այս օրերին, երբ սիրտը մաքրվում է անիրավությունից, աղոթքը դառնում է անուշահոտ խունկ, որն անարգել բարձրանում է առ Աստված։ Թող այս շրջանը լինի մեզ համար անիրավության կապանքներից ազատվելու և արդարության պտուղներով զարդարվելու ժամանակ, որպեսզի մեր աղոթքը լինի ոչ թե սոսկ բառերի շարան, այլ կենդանի հաղորդակցություն՝ լեցուն սիրով ու երկնային անդորրով»,- նշել է Տեր Հայրը։

Մեծ Պահքի այս շրջանը թող լինի մեզ համար անիրավության կապանքներից ազատվելու և արդարության պտուղներով զարդարվելու ժամանակ. Տեր Աբրահամ