«Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան
19/03/2026 08:09

«Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություն-եկեղեցի հակա­մարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու և հոգևորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ 

Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները և կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաև արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգևոր իրավիճակին և ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը և այլն։ 

Տեքստում նշված է նաև, որ հայտարարությունը չի հանդիսանում որևէ անձին ուղղված աջակցություն և չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաև՝ պետության և կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը»։

«Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան