.jpg)
Գևորգ Գրիգորյանը հրապարակելու է բուժաշխատողների վարձատրությունների նվազմանն ուղղված հերթական «ներքին» կարգադրանքի մասին փաստեր
Վերջին օրերին առողջապահության նախարարությունը բարեհաճել է ընդունել մի քանի խումբ բուժաշխատողների, ովքեր փետրվար ամսից պարտադիր ապահովագրության ներդրմանը առնչվող հարցեր և բողոքներ են ուղղում նախարարությանը, այս մասին հայտնել է «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ բուժաշխատողներին խոստանում են «խնդիրների լուծում», «աշխատավարձերի վերանայում», «նեղ մասնագետների համար per capita վճարման վերականգնում» և այլ խոստումներ, որոնք հստակ հակասության մեջ են առողջապահության նախարարի հարցազրույցներում հնչեցված թեզերի և ընդունած կարգի հետ:
«Առնվազն ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու, սակայն իմ կոլեգաները, ովքեր նախարարության հետ շփվելու քիչ փորձ ունեն, դեռևս հավատում են «հրաշքների»:
Առողջապահության նախարարությունը բառացի խոստանում է բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները, իսկ գործողություններով առողջապահական համակարգը տանում է նեղ մասնագետների կաբինետների փակմանն ու վարձատրության նվազմանը:
Հ.Գ. Վաղը կհրապարակեմ վարձատրությունների նվազմանն ուղղված հերթական «ներքին» կարգադրանքի մասին տեսանյութ, որը չի բարձրաձայնվում ո՛չ հարցազրույցների և ո՛չ էլ շրջայցների ընթացքում»,- նշել է Գրիգորյանը։