ՔՊ-ական պատգամավորներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ․ Ատոմ Մխիթարյան
26/03/2026 21:14

ՔՊ-ական պատգամավորներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ․ Ատոմ Մխիթարյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի պատմությունը բավական երկար է։ Այն առաջին անգամ նախաձեռնվել է դեռևս 2015 թվականին և քննարկվել է ԱԺ-ում։ Իշխանափոխությունից հետո օրենքին նորից են վերադարձել, նախագիծը վերամշակվել է և կրկին ներկայացվել խորհրդարան։ 2021 թվականին նախագահ Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել՝ հաշվի առնելով մտավորականների կարծիքները և ուղարկել է ՍԴ՝ սահմանադրականության ստուգման նպատակով։ ՍԴ-ն քննության արդյունքում արձանագրել է առնվազն մի շարք խնդիրներ, ինչից հետո օրենքը վերադարձվել է վերանայման, ապա լրամշակվել է՝ ներառելով բազմաթիվ առաջարկներ։

 2025 թվականին նախագիծը կրկին ներկայացվել է խորհրդարան և սեպտեմբերին ընդունվել։ Այս անգամ ներկայիս նախագահ  Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը, և այն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 20-ից»,- վիճահարույց օրենքի ոդիսականին է Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Փորձագետի խոսքով՝ այժմ օրենքը վիճարկելու միակ սահմանադրական ճանապարհը պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմելն է։

«Երեկ այդ գործընթացը տեղի ունեցավ․ մենք աշխատեցինք փաստաբանների հետ, ներկայացրինք հիմնավորումները, և կան առնվազն չորս հոդվածներ, որոնք, փաստաբանների ձևակերպմամբ, ակնհայտորեն հակասում են Սահմանադրությանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների  աջակցությամբ դիմումը ներկայացվեց Սահմանադրական դատարան»։

Չնայած Ատոմ Մխիթարյանը ՍԴ-ի հետ մեծ հույսեր չի կապում, բայց հույս ունի՝ գոնե մասնագիտական քննարկում կլինի։

«Մյուս հույսը այն է, որ մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որոշ ժամանակ կանցնի, և  քաղաքական փոփոխություններ կլինեն։ Այդ դեպքում չի բացառվում, որ օրենքը հետագայում չեղարկվի։ Մենք շարունակելու ենք աշխատել, պահանջել և պայքարել, որպեսզի այս օրենքը չեղարկվի կամ փոփոխվի, որովհետև այն, մեր համոզմամբ, լուրջ խնդիրներ է առաջացնելու կրթության և գիտության ոլորտում»։

Հարցին՝ արդյոք ԱԺ իշխանական պատգամավորների հետ հնարավո՞ր չէ մասնագիտական քննարկումներ ունենալ և ընդհանուր եզրեր գտնել, Ատոմ Մխիթարյանը պատասխանել է․

«Կարծում եմ՝ նրանց գիտելիքների մակարդակը այնքան չէ, որ կարողանան խորանալ օրենքի նրբությունների մեջ և նույնիսկ մտածել այդ ուղղությամբ, ուստի հույս չունեմ։ Բայց այս առիթը օգտագործելով, ես նրանցից յուրաքանչյուրին, ով ուզում է, կարող եմ հրավիրել հրապարակային բանավեճի՝ ցանկացած եթերում։ Կներկայացնեմ բոլոր խնդիրները, որպեսզի հասարակությունը մատչելի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ինչին է հակասում և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս օրենքը։ Սա բաց մարտահրավեր է, այնպես որ, թող ընդունեն։ Եթե որևէ մեկը զգում է, որ բավարար գիտելիքներ չունի, կարող եմ ուղարկել հիմնավորումները՝ նախապես ծանոթանալու համար, հետո դուրս գան բանավեճի՝ ով ուզում է լինի։ Գոնե բանավեճի ժամանակ ինչ-որ բան կկարողանան ասել։ Կարող եմ նաև իմ ընկերներին խնդրել՝  նախապես թրեյնինգ անեն նրանց հետ, ինչից հետո նոր գան բանավեճի»։