.jpg)
Այսօր բերման ենթարկվածներից ոչ բոլորն են Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ․ Մանրամասներ
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորի համայնքապետարանից ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրանցից մի քանիսը ձերբակալված են։
Aysor.am-ի հետ զրույցում Վանաձորի համայնքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը նշել է՝ բերման ենթարկվածներից ոչ բոլորն են համայնքապետարանի աշխատակիցներ։
«Ի պատասխան մամուլում տարածված տեղեկատվության, որ ձերբակալվել է նաև նախկին բաժնի վարիչ, հարկ եմ համարում ասել, որ նա արդեն մեկ տարի է, ինչ այևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Նա նաև ավագանու անդամ էր, սակայն վերջին նիստում հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին»,- ասել է խոսնակը։
Դիտարկմանը, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, գործը հարուցվել է դեռևս 2023 թվականին, Աստղիկ Ավետիքյանը արձագանքել է․
«Չգիտեմ, գուցե ինչ-որ դրվագներ ավելացել կամ փոփոխվել են, դա արդեն քննող մարմնի գործն է»։
Խոսնակը նաև նշել է՝ համայնքապետարանի աշխատանքը տեղի ունեցածի հետևանքով չի խաթարվել, քանի որ աշխատակազմը մեծ է. բնականոն գործունեությունը շարունակվում է։