«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն… ես գտա իմ Աստծուն». ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի կյանքն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում (տեսանյութ)
30/03/2026 13:39

«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն… ես գտա իմ Աստծուն». ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի կյանքն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում (տեսանյութ)

«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն». այս խոսքերն են, որ ամբողջությամբ փոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի ներաշխարհը։

Աստվածավախ ու Աստվածամոտ մարդ է իրեն համարում, դպրոցական տարիքում որոշել էր՝ հոգևորական է դառնալու, բայց ճակատագիրը նրա համար այլ սցենար էր գծել։

Թվում է՝ ցմահ դատապարտյալի համար կյանքն այլևս կանգ է առնում, հույսի ու հավատի նշույլ անգամ չպետք է տեսնի, բայց Արթուրի պատմությունը ճիշտ հակառակի մասին է. բանտում է նա կայացել որպես մարդ։

22 տարի է, ինչ Արթուր Քոչարյանն անազատության մեջ է, տարիներ շարունակ նա բաց նամակներով ՔԿՀ-ից դիմել է պատկան մարմիններին, հույսը վերջին տարիներին էլ ավելի է շատացել, քանի որ ավելի շատ են սկսել արձագանքել։ Նախկինում պատասխան չի ստացել բողոքներին, բայց նաև գիտակցում է՝ օրենսդրական փակուղու առաջ է, դրա համար իր սպասելիքները ներկա պահին այդքան շատ չեն։

«Հավատում եմ՝ լավ օրը լինելու է, պետք է սպասել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասում է Քոչարյանը։

Արթուրը միջնակարգ կրթությունը կիսատ է թողել, բայց բացը լրացրել է բանտում. 39 տարեկանում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստացել է միջնակարգ կրթության ատեստատը, իսկ հիմա բարձրագույն կրթություն է ստանում, հոգեբանություն է սովորում։

Դատապարտյալների կյանքում շատ կարևոր է նաև հոգևոր մասը, շատ անգամներ հոգևորականների հետ զրույցն է, որ օգնում է դատապարտյալին հանգստություն գտնել։

Արթուրը նպատակ է ունեցել հոգևորական դառնալու, բայց, քանի որ դպրոցում ուսումը կիսատ է մնացել, չի կարողացել գնալ Երուսաղեմ ու հոգևոր կրություն ստանալ։

Չնայած հավատի մեծ ուժին՝ Արթուրը դեռ Աստվածաշունչ չի կարդացել, ասում է՝ դեռ պատրաստ չէ, բայց դատապարտյալների գիտի, որ գեթ մեկ օր առանց Աստվածաշունչ չեն անցկացնում։

Հավատն է, որ նրան միշտ օգնում է առաջ շարժվել...

«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն». այս մի նախադասությունն ամբողջովին փոխեց իմ ներաշխարհը, սկսեցի հավատալ, որ Աստված յուրաքանչյուրի մեջ է ու քանի դեռ մենք չենք գտել մեր մեջ մեր Աստծուն, չենք կարող բաց աչքերով նայել երկինք ու Աստծուն շնորհակալություն հայտնել... իսկ ես գտա, գտա իմ մեջ իմ Աստծուն ու հանգստություն...»,- պատմում է ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։

Բանտում Արթուրը նաև նկարել է սովորել, հիմնականում նկարները նվիրում է, դրանցից մեկն էլ եղբորն է նվիրել, պատկերել է մեջքին թևերով տղամարդու. «Եղբայրս իմ թևերն է»։

Արթուրը նաև ճագարաբուծությամբ է զբաղվում, նա կենդանիների մեջ Աստվածային հանգստություն է տեսնում, պարզապես պետք է նրանց հետ հաղորդակցվելու ձևը գտնել։

Կուզեր, որ ճագարներին վանդակների մեջ չպահեր, բոլորին հաներ վանդակներից, որ ազատ ապրեին։

ՔԿՀ-ում նաև մատուռ կա, որն օծվել է Մայր Աթոռի կողմից։ Ամեն օր է աղոթում Արթուրը, առաջին տեղում իր ընտանիքն է, հետո՝ հայ ժողովուրդը, աղոթում է ծնողների առողջության համար, երկրի՝ խաղաղության։

Եթե Աստծուն հանդիպեր՝ հարց չէր տա, միայն կասեր. «Շնորհակալ եմ...»։

Արթուր Քոչարյանը մեղադրվում է ծառայակցի սպանության մեջ և դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Նա չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ ծառայակցին ինքը չի սպանել, դատապարտվել է ազատազրկման՝ չկատարած հանցանքի համար:

Նա խնդրել է վերանայել քրեական գործը«Եթե վերանայման արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, ես բառացի ասում եմ, գրավոր էլ կտամ համաձայնագիր՝ թող տուժող կողմն ինձ հրապարակավ գնդակահարի»:

Հեղինակ`Անի Վարդանյան
«Աստված քո ներսում է, հավատա քո Աստծուն… ես գտա իմ Աստծուն». ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի կյանքն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում (տեսանյութ)