Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շուրջ կատարվողը. Օվերչուկ
02/04/2026 10:40

Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շուրջ կատարվողը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանին, որ Ռուսաստանը հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումներին։

«Մենք չենք կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և այս երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ զարգացումները», - ասել է Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Էլեկտրաէներգետիկական ընկերության բռնագրավման պատճառների մասին հարցերին մեզ պատասխանում էին, որ Հայաստանում մարդիկ դժգոհ են նրա սպասարկման ցածր մակարդակից։ Այդպես է, թե ոչ՝ Հայաստանի ներքին գործն է», - ասել է փոխվարչապետը։

Ընդ որում, նա նշել է.«Ինչպիսին էլ լինի այդ իրադարձությունների հիմքը և ով էլ լինի այդ ռուս ներդրողը, սեփականության իրավունքն առաջնային է, այն ընկած է ցանկացած հարաբերությունների հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության առգրավումը Հայաստանն ավելի գրավիչ չի դարձնում օտարերկրյա ներդրողների համար»։

Նրա կարծիքով՝ «անկախ ազգությունից, ներդրողները հիմա կհասկանան, որ եթե դա մեկ անգամ պատահել է իրենցից մեկի հետ, ապա չկա երաշխիք, որ դա չի պատահի մյուսների հետ»։ Օվերչուկը հավելել է՝ «այն փաստը, որ ընկերությունն ինքնին ռուսական չէր, միայն ամրապնդում է ներդրողների մտահոգությունները»։

«Հետևաբար, նրանք երկրի ներդրումային ռիսկերը կգնահատեն որպես ավելի բարձր, ակտիվների արժեքը Հայաստանում կլինի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկ գործարարների ցանկությունը՝ հնարավորինս կարճ ժամանակում առավելագույնի հասցնել շահույթը, ավելի բարձր կլինի։ Սա շուկայական տնտեսության տրամաբանությունն է», - բացատրել է փոխվարչապետը։

«Վերջին հաշվով, սրանք հայ ձեռնարկատերերի և սպառողների ներքին խնդիրներն են», -ասել է Օվերչուկը։

Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շուրջ կատարվողը. Օվերչուկ