Փաշինյանն Արցախի հարցում հակասական ու մանիպուլյատիվ հայտարարություններ է անում. Աշոտ Դանիելյան
02/04/2026 11:59

Փաշինյանն Արցախի հարցում հակասական ու մանիպուլյատիվ հայտարարություններ է անում. Աշոտ Դանիելյան

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մշտապես դիմում է «ստերի, կեղծիքների և մանիպուլյացիաների»՝ Արցախի հարցի վերաբերյալ տարբեր հարթակներում տարբեր մեկնաբանություններ տալով,  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Արցախը հանձնելու հարցում ԱԺ ամբիոնից վարչապետը մեղադրում է Հայաստանի նախկին իշխանություններին, Արցախի իշխանությունների մասին խոսելիս պնդում է, թե հենց նրանք են «հանձնել Արցախը», իսկ Ռուսաստանում ներկայացնում է, թե պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը։

Դանիելյանն ասաց, որ նույն իրադարձությունների վերաբերյալ այսպիսի տարբեր և հակասական մեկնաբանություններն անընդունելի են։

«Ցանկացած իրավիճակում լրիվ այլ մեկնաբանություններ է անում Արցախի ողբերգության վերաբերյալ։ Դրա համար ես չեմ ցանկանում մեկնաբանել նրա ասածները։ Մեկնաբանելու բան չկա, բոլորս շատ լավ տեղյակ ենք՝ ով հանձնեց Արցախը, ով է պատասխանատու այս ամբողջ պրոցեսի համար»,- ասել է նա։