«Չենք փոշիացնում ձայները, ձևավորում ենք նոր մասնակցություն»․ Նինա Կարապետյանց
03/04/2026 20:39

«Չենք փոշիացնում ձայները, ձևավորում ենք նոր մասնակցություն»․ Նինա Կարապետյանց

«Բոլորին դեմ» շարժման թիմից շատերին ճանաչում եմ շատ վաղուց։ Մենք միշտ եղել ենք  խրամատի նույն հատվածում,  ունեցել ենք նույն գաղափարները։ Ես երբեք կասկած չեմ ունեցել և միշտ նշել եմ, որ այդ երիտասարդները մեր լավագույն սերունդն են, որոնց կարելի է հանգիստ փոխանցել իշխանությունը՝ վստահ լինելով, որ նրանք կարող են ապահովել ավելի լավ Հայաստան»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Նժար» հասարակական-քաղաքական ուժի ղեկավար Նինա Կարապետյանցը։

Կարապետյանի խոսքով՝ տարաձայնության հիմնական թեման այն էր, որ երիտասարդական թիմը ընտրել էր ավելի պարզ ճանապարհ։

«Մենք ասում էինք, որ այդ առաջարկները բավարար չեն պետության ներսում խորքային, բովանդակային փոփոխություններ իրականացնելու համար։ Այս պահին այդ տարաձայնությունները այլևս չկան, որովհետև «Բոլորին դեմ»-ի թիմը ամբողջությամբ կիսում է այն գաղափարները, որոնք մենք առաջարկում ենք։ Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց նախնական առաջարկները մեր առաջարկների համեմատ փոքր էին, և որ իրական փոփոխությունների համար անհրաժեշտ են ավելի խորքային քայլեր։

Միևնույն ժամանակ, մենք ևս որոշ հարցերում գնացինք զիջումների՝ հնարավորություն տալու համար համախմբել մեծ թվով երիտասարդ, որակյալ, պրոֆեսիոնալ մարդկանց։ Այդ մարդիկ իրենց ոլորտներում կայացած են՝ սկսած մասնագիտական կարողություններից, մինչև հայրենիքի պաշտպանություն և հանրային գործունեություն։ Նրանք իսկապես բարձր որակ ունեն և կարողացել են համաձայնության գալ մի շարք կետերի շուրջ։ Նպատակը նաև այն համակարգը կոտրելն է, որը թույլ չի տալիս ձևավորվել նոր ուժերի, գեներացնել նոր գաղափարներ և ներգրավել նոր մարդիկ ու թիմեր»։

Նինա Կարապետյանցն ընգծում է՝  որպես ավագ սերունդ, պատրաստ են աջակցել երիտասարդներին՝ կատարել առաջին քայլերը և դրանք հասցնել տրամաբանական ավարտի, իսկ հետագայում՝ արդեն շարունակել միասին։

Անդրադառնալով քննադատություններին, որ այս քայլով պառակտվում է ընդդիմությունը և ձայներ են «փոշիանում», Նինա Կարապետյանցն ասում է․

«Նման մտավախություն չունենք, մենք միաժամանակ մի քանի ուղղություններով պայքար ենք տանում և համագործակցում ենք այլ խմբերի ու թիմերի հետ։ Շարունակաբար բացատրում ենք, որ դասական, արդեն ձևավորված խաղի կանոններով հնարավոր չէ էական փոփոխություն բերել և հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

Մենք նախկինում էլ, հիմա էլ առաջարկում ենք տարբեր ուժերին ձևավորել լայն ճակատ։ Պարզ է, որ բոլորը չեն կարող լինել մեկ կուսակցության կազմում, բայց կարող են համագործակցել ընդհանուր նպատակների շուրջ։

Այն պնդումը, թե փոքր ուժերը «փոշիացնում են» ձայները, կարելի է ուղղել նաև մեծ ուժերին։ Այն, որ ինչ-որ ուժ ավելի շատ ձայն է հավաքում, դեռ չի նշանակում, որ ամբողջ պատասխանատվությունից ազատված է։ Պետք է հաշվի առնել հասարակության տրամադրությունները․ մարդիկ դարձել են ավելի փորձառու և զգայուն։ Եթե մեծ ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ պարզ հարցերի շուրջ, ապա ամբողջ մեղքը փոքրերի վրա բարդելը արդար չէ։

«Բոլորին դեմ»-ին և «Նժար»-ին  ձայն են տալու նրանք, ովքեր թե՛ նախորդ ընտրությունների ժամանակ, թե՛ հիմա չեն գտել իրենց թեկնածուին այլ դեմքերի մեջ։

Հետևաբար, մենք ոչ մի ձայն, այսպես ասած, չենք «փախցնում»։ Այն մարդիկ, ովքեր չէին գնալու ընտրություններին, չէին ցանկանալու մասնակցել, հենց նրանք են մեր թիրախը, շատ կարևոր է, որ մեծ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձայների տեսակարար կշիռը ավելի քիչ լինի։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա դրանք  հիմնականում այն մարդիկ են,  ովքեր ոչնչով չեն զբաղվում, բացի սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրելը»։

Կարապետյանցն ասում է՝  հանդիպում են տարբեր մարդկանց,  նույն սեղանի շուրջ քննարկումներ ունենում անգամ նրանց հետ, ում հետ նախկինում երբևէ չէին համագործակցի․ պետության վիճակն է ստիպում գնալ այդ քայլին։

«Նրանք, ովքեր քննադատում են, թող նաև պատասխանեն՝ իրենք ինչ են արել այս իրավիճակից դուրս գալու համար, ինչ են առաջարկել և ինչ զիջումների են գնացել հանուն պետության կայացման»։

Հիշեցնենք, որ «Նժար» և «Բոլորին դեմ» շարժումները միավորվել են։

 

«Չենք փոշիացնում ձայները, ձևավորում ենք նոր մասնակցություն»․ Նինա Կարապետյանց