Թող Տիրոջ անսահման ներողամտությունը բժշկի մեր հոգիները և սովորեցնի մեզ սիրել անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սերն այլևս տեղ չունի. Տեր Աբրահամ
03/04/2026 14:15

Թող Տիրոջ անսահման ներողամտությունը բժշկի մեր հոգիները և սովորեցնի մեզ սիրել անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սերն այլևս տեղ չունի. Տեր Աբրահամ

Այսօր Մեծ Պահքի 46-րդ օրն է՝ Ավագ Ուրբաթ։

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ թող Տիրոջ անսահման ներողամտությունը բժշկի մեր հոգիները և սովորեցնի մեզ սիրել անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սերն այլևս տեղ չունի:

««Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):

​Ավագ ուրբաթի խորհուրդը մարդկային երախտամոռության և Աստվածային անհուն սիրո ամենացավոտ, բայց և ամենահզոր բախումն է: Գողգոթայի ճանապարհին մենք տեսնում ենք մի սահմռկեցուցիչ հակապատկեր, որը վեր է մարդկային տրամաբանությունից: Այն ձեռքերը, որոնց հպումով Քրիստոսը բժշկեց բորոտներին ու կույրերին, այսօր մխրճում են գամերը Նրա մարմնի մեջ: Այն շուրթերը, որոնցից կապանքներն արձակվեցին և որոնք սկսեցին խոսել Նրա շնորհիվ, այսօր կատաղած գոռում են՝ «Խաչը հանի՛ր դրան»: Այն մարդիկ, ում ծարավը Նա հագեցրեց կենդանի ջրով, այսօր Նրա տառապալից «Ծարավ եմ»-ին պատասխանում են լեղիով ու քացախով:

​Սակայն հենց այս անհամարժեքության մեջ է թաքնված Խաչելության իրական հզորությունը: Փոխանակ երկնքից կրակ թափելու կամ արդար պատիժ պահանջելու, Տերը խաչափայտից հնչեցնում է ներողամտության ամենավեհ աղոթքը: Նա չի դատապարտում Իրեն հարվածող ձեռքը, այլ օրհնում է այն՝ տալով փրկության հնարավորություն: Սա սեր է, որը չի նայում արժանիքներին, այլ նայում է կարիքին: Այսօր, երբ խոնարհվում ենք Սուրբ Խաչի առջև, հիշենք՝ Քրիստոսի սերը հաղթեց ատելությանը ոչ թե ուժով, այլ զոհաբերությամբ: Թող Նրա անսահման ներողամտությունը բժշկի մեր հոգիները և սովորեցնի մեզ սիրել անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սերն այլևս տեղ չունի: Քանզի հենց այդ սիրո մեջ է մեր հարության հույսը»,- նշել է Տեր Աբրահամը։

Թող Տիրոջ անսահման ներողամտությունը բժշկի մեր հոգիները և սովորեցնի մեզ սիրել անգամ այնտեղ, որտեղ թվում է՝ սերն այլևս տեղ չունի. Տեր Աբրահամ