«Հրապարակ». «Սպայկան»՝ ընտրության առաջ է կանգնել
04/04/2026 09:15

«Հրապարակ». «Սպայկան»՝ ընտրության առաջ է կանգնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող հայկական «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանն ուզում է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել՝ «Զեկույց» անունով։ Ըստ լուրերի՝ այդ որոշումը նա կայացրել էր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Դրանից առաջ «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ՌԴ իրավապահների հետ. բեռնատարների մուտքը Ռուսաստան մոտ կես տարի արգելված կամ բարդացված էր: Աբրահամյանը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր՝ լուծելու այդ խնդիրները։ Գրել էինք, որ այդ խնդիրները ծագել էին այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել էր «Սպայկա», և ջերմ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել` հարուցելով ռուսների զայրույթը։ 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Դավիթ Ղազարյանը, ՀՀ իշխանությունների ճնշման ներքո, փոշմանել է և այլևս կուսակցություն բացելու մասին չի մտածում, այլ պատրաստակամություն է հայտնել՝ առաջիկա ընտրություններին աջակցել Նիկոլ Փաշինյանին, ինչի պատճառով կրկին սանկցիաների տակ է ընկել Ռուսաստանում։ Հիմա էլ արգելել են «Սպայկայի»՝ ծաղիկներով բեռնված բեռնատարների մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, թե այդ ծաղիկները ներկրվել են եվրոպական երկրներից` հայկական արտադրանք չեն»։

«Հրապարակ». «Սպայկան»՝ ընտրության առաջ է կանգնել