«Փաստ». Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին
04/04/2026 09:07

«Փաստ». Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին

«Փաստ» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է այս օրերին 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի հետ, ավելին է, քան պարզապես կանխամտածված դաժանությունը և խոշտանգումը: Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, որին հրմշտել ու դեմքին հարվածել են անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Փաշինյանին ուղեկցող նրա թիկնապահները: Տարածվում է, թե Դավիթ Մինասյանն էլ, իբր, փորձել է հարվածել Փաշինյանին: Հատկանշական է, որ փաշինյանական քարոզիչներն իրենց կուռքի հրահրած հրմշտուքի պայմաններում կատարվածը ներկայացնում են համարյա գրեթե որպես մահափորձ:

Եվ ահա, արդեն երկու-երեք օր է, ինչ կանոնավոր բժշկական հսկողության կարիք ունեցող 18-ամյա տղային փաշինյանական ռեժիմի կամակատար դատաիրավական համակարգի տարբեր օղակները ուղղակիորեն տանջում և խոշտանգում են՝ տալով կալանքի որոշում, ապա այս բանտից այն մի բանտը տեղափոխելով՝ գործնականում զրկելով ժամանակին նորմալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Իսկ երեկ ընդհանրապես այնքան էր վատացել երիտասարդի վիճակը, որ շտապ տեղափոխվել էր հիվանդանոց:

Լավ, ի՞նչ է կատարվում: Այն, որ քպական ու փաշինյանական ռեժիմը խիղճ ասվածից ու մարդկայնությունից զուրկ է, դա պարզորոշ տեսանելի է նաև նկարագրվող իրադարձություններից: Բայց միայն դա չէ: Տեղի ունեցողն առաջին հերթին թողնում է այնպիսի տպավորություն, որ սա Փաշինյանի անձնական վրեժխնդրության, քինախնդրության դրսևորում է: Ու ոչ միայն Դավիթ Մինասյանի հանդեպ: Սա քինախնդրություն է մի սերնդի նկատմամբ, որը չի ընդունում սուտն ու պարտվողականությունը: Չի համակերպվում մանկուրտ դառնալու և թրքանալու, կրոնափոխ լինելու իշխանական պարտադրանքին:

Երկրորդը. տեղի ունեցողը ցույց է տալիս, թե փաշինյանական իշխանությունն ու իր կամակատարները որքան են սարսափում նույնիսկ դպրոցականից:

երրորդը. էլ ավելի մեծ զզվանք ու նողկանք են հարուցում այն արարածները, որ «սրտիկի» նշաններով էջերով սոցցանցերում հարձակվել են երիտասարդի վրա: Անմակարդակ, զզվելի, տմարդի ու անսահմանորեն ողորմելի:

Չորրորդն արդեն իրավաբարոյական խնդիրն է, այն է՝ Փաշինյանի գլխավորած հակաժողովրդավարական, ավտոկրատիկ ռեժիմը վերստին կիրառում է «խոշտանգում՝ կալանքով» տանջանքը: Մի բան, որ անցած 8 տարում կիրառել են բազմիցս, տարբեր գործիչների, քաղաքացիների դեմ:

Բայց նաև ակնհայտ է, որ Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին»։

«Փաստ». Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին