Ջավախքից մինչև «Միսս Հայաստան 2025». Անուշ Աղաբալյանի պատմությունը. Ֆոտոշարք
06/04/2026 16:33

Ջավախքից մինչև «Միսս Հայաստան 2025». Անուշ Աղաբալյանի պատմությունը. Ֆոտոշարք

Aysor.am-ի հյուրն է «Միսս Հայաստան 2025» Անուշ Աղաբալյանը, որն այդ տիտղոսը նվաճել է նախորդ տարվա հունիսի 10-ին: 

Անուշը մեկ օրով Վրաստանից եկել էր Դիլիջան, որտեղ և հանդիպեցինք նրան։ 

«Ծնվել և մեծացել եմ Ջավախքի սրտում՝ գյուղ Զակում, որը պատկանում է Ախալքալաքի շրջանին։ Ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 30-ին։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ տեղ եմ տվել նախասիրություններիս, հետևաբար, ընտրեցի անգլերենը ոչ միայն այն պատճառով, որ միջազգային լեզու է, այլև հետաքրքիր է բացահայտել նման մեծ և բազմազան մշակույթ ունեցող ազգերի լեզուն։ Այժմ բարձրագույն կրթություն եմ ստանում եմ Թբիլիսիի պետհամալսարանում։

Դեռ պատանեկության տարիներից մեծ տատիկիցս և պապիկիցս շատ-շատ եմ լսել մեր արմատների մասին։ Հայրական կողմս գաղթել է Էրզրումի Կամպիր գյուղից, իսկ մայրական կողմս Արդահանի Վել գյուղից։ Մեր տոհմը այնքան հին է, ինչքան մեր տան դիմացի պատի փորագրությունը։ Մայրական պապիկս բանաստեղծ է, ամուսնացել է լոռեցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհու հետ և ձևավորել են մեծ, ամուր ու երջանիկ ընտանիք։ Կրելով նրանց գեները, պարտավոր եմ անպայման իմ ուժերի ներածին չափով ծառայել հայրենիքիս և այդ ծառայությունը տեսնում եմ մոդելական ասպարեզում, որի միջոցով կարող եմ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը։ 

Հայրս մասնագիտությամբ շինարար է, չնայած նրա հոբբին անասնաբուժությունն է։ Մայրս ավարտել է բանասիրական ֆակուլտետը։ Նրանք ինձ համար օրինակ են և իմ հաջողությունների հետևում կանգնած են հենց նրանք։ 

Իմ սիրելի զբաղմունքն է ճանապարհորդելը և բացահայտել այս մոլորակը։ Ցավոք սրտի, դեռ միայն բացահայտել եմ Գերմանիան և ՌԴ մի քանի հետաքրքիր ծովափնյա քաղաքներ։ Սիրում եմ ծովը, արևը և նրա դյութական մայրամուտը հորիզոնում։ Դեռ մանկուց երազել եմ նկարահանվել ինչ-որ գեղարվեստական ֆիլմում և հիմա ունեմ մի քանի առաջարկներ»։

Զրուցեց Մէրի Կարապետյանը
Լուսանկարները՝ Վարդուհի Սուքիասյան, Դավիթ Ջոթյան, Լևոն Ալեքսանյան

Ջավախքից մինչև «Միսս Հայաստան 2025». Անուշ Աղաբալյանի պատմությունը. Ֆոտոշարք