.jpg)
«Փաստ». Որևէ մեկը օրենք չի իմացե՞լ, կարգն ու կանոնը չի իմացե՞լ, թե՞ «դուխները» չի բավականացրել
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև դպրոցներ ու մանկապարտեզներ: Ընդ որում, պարտադիր մտնում էր այդ հաստատությունների ճաշարաններ:
Սոցցանցերի մի շարք օգտատերերի ուշադրությունն էր գրավել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ճաշարաններ էր մտնում իր թիկնազորով, ուղեկիցների հետ միասին, ընդ որում՝ առանց խալաթ, առանց գլխարկ, առանց բախիլ: Դա էլ քիչ չէ, բացում էր կաթսաների կափարիչները, ձեռք տալիս տարբեր պարագաների:
Ցանկացած ճաշարանի, սրճարանի, ռեստորանի խոհանոցում եթե որևէ խոհարար թեկուզ առանց գլխարկի աշխատի, անմիջապես աշխատանքից կազատվի, իսկ օտար անձանց մուտքն ընդհանրապես արգելված է՝ շատ մասնակի բացառություններով, այն էլ՝ եթե պահպանված լինեն հիգիենայի բոլոր կանոնները:
Բայց, ահա, մանկապարտեզների, դպրոցների ճաշարաններում երկրի վարչապետն իր շքախմբով կարող է անարգել մուտք գործել՝ չպահպանելով որևէ կանոն, ինչը կարող է էապես վտանգել երեխաների առողջությունը: Հետաքրքիր է՝ որևէ մեկը օրենք չի իմացե՞լ, կարգն ու կանոնը չի իմացե՞լ, թե «դուխները» չի բավականացրել, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա շքախմբին ստիպեն խալաթ, գլխարկ, բախիլ ու ձեռնոց հագնել: Դեռ չենք խոսում այն մասին, որ ոչ ոք երաշխիք չունի, որ ներկաների մեջ որևէ վարակակիր չկա»։
«Հրապարակ». Իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու խիզախ քաղաքացուն, ով գոռաց «Ամոթ տիրադավ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեսանք, շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին՝ փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են, իրենց կռիվը ոչ թե Եկեղեցու, հոգևոր արժեքների դեմ է, այլ՝ առանձին հոգևորականների։ Մեր աղբյուրներն ասում են՝ եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։
Այդ օրը նաև միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց. «Ամոթ, տիրադավ»։
Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը` ընդդեմ կաթողիկոսի։ Բանն այն է, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, և հիմա, մեր տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել՝ նկարե՞լ են այդ համարձակ մարդուն և կտրամադրե՞ն իրենց կադրեր»։