Պատրաստ եմ աջակցելու, որ մենք այս վիճակից դուրս գանք՝ ազգովի. Գագիկ Ծառուկյան
09/04/2026 20:34

Պատրաստ եմ աջակցելու, որ մենք այս վիճակից դուրս գանք՝ ազգովի. Գագիկ Ծառուկյան

«Իմ սիրտը ցավում է, ես ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի»,- ելույթ ունենալով ԲՀԿ համագումարում՝ ասաց կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ բոլորը հիասթափված են, ուզում են, որ պատասխանատու պաշտոններում իրավասու անձինք լինեն, կյանքը բարելավվի, երկրի խնդիրները լուծվեն, ինչը, սակայն, ըստ Գագիկ Ծառուկյանի, միայն մեկ անձ լուծել չի կարող, միասնականություն է պետք։

Ինչ վերաբերում է կոնկրետ իր քաղաքական ուժի դերակատարությանը՝ խնդիրների լուծման հարցում, ապա Ծառուկյանը նշեց՝ պատրաստ է ներուժը ներդնել։

«Մարդկանց հետ խոսում եմ, ասում են՝ պարոն Ծառուկյան, մեկը լինի, որ անձնական շահ չունենա, իր պաշտոնի համար չպայքարի, համախմբի մարդկանց, ովքեր գիտելիք, ձեռագիր ունեն, փորձ ունեն, որ ժողովուրդն էլ կանգնի նրանց կողքին, իրականացնեն։

Այսօր ես որոշել եմ, որ ժողովրդի ցանկությունը մենք պետք է կատարենք։

Ես՝ Ծառուկյանս, ոչ անձնական շահ ունեմ, ոչ էլ որևէ պաշտոնի ցանկություն ունեմ։ Հայտարարել եմ, ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ պատրաստ եմ միասնական կազմակերպելու, աջակցելու, որ մենք այս վիճակից դուրս գանք՝ ազգովի»,- ասաց Ծառուկյանը։

 Նա նաև նշեց՝ անհնարին ոչինչ չկա, միասնական ու նպատակային գործելու դեպքում հասարակության ցանկությունները կիրականանան։

Պատրաստ եմ աջակցելու, որ մենք այս վիճակից դուրս գանք՝ ազգովի. Գագիկ Ծառուկյան