«Հրապարակ». Ռուսաստանում կատու են դառնում և պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել
11/04/2026 08:50

«Հրապարակ». Ռուսաստանում կատու են դառնում և պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներսում առյուծ կտրած և Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում և պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական և ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի և Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին և հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը և ո՞ւմ դեմ են պայքարում։ Ի դեպ, ռեպլիկի մի մասը տեղ է գտել նաև ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում, սակայն հայկական կողմի արձագանքը ներառված չէ։ 

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։ Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն, ընտրություններին ընդառաջ, Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։ 

«Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել էր նա»։

«Հրապարակ». Ռուսաստանում կատու են դառնում և պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել