Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի. Ֆոտոռեպորտաժ
12/04/2026 13:34

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի. Ֆոտոռեպորտաժ

Հարության տոնին հաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի այցելած հավատացյալները հնարավորություն են ունենում հաղորդակցվել Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը։

Կիրակի առավոտյան Մաշտոցյան Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանն անցնում է Արագածոտնի թեմից եկած քահանաներին։

Արագածոտնի թեմում այս ավանդույթը 26 տարի առաջ է ձևավորվել։

Այսօր էլ ավանդույթը չխախտվեց։ Թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օգնությամբ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը Սուրբ Գևորգ եկեղեցի տեղափոխեցին հրաշագործ Ավետարանը։

Մուղնի ուխտի եկածները խանդավառությամբ դիմավորեցին Սուրբ Գիրքը։

Շուրիշկանի Ավետարանի առկայությամբ Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին և իր պատգամը փոխանցեց հավատավոր ժողովրդին:

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կմնա մինչև 16։00-ը, այնուհետև դարձյալ կտեղափոխվի Մատենադարան։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի. Ֆոտոռեպորտաժ