.jpg)
Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը՝ ժամը 15:00-ին, մեկնարկելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։
«Հիշեցնեմ, որ նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, որի արդյունքում գործը հանձնվեց այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը:
Հիշեցնեմ նաեւ, որ այս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկված»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Սրբազանը կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին. Սրբազան Հորը կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։
Մարտի 5-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց կալանքից անհապաղ ազատ արձակել Սրբազանին։