.png)
Հրապարակվում են ձայնագրություններ, որոնցում ընտրախախտման մասին խոսք չկա. Էդգար Ղազարյան
«Մենք անընդհատ լսում ենք ինչ-որ ձայնագրությունների մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ բոլորիս գաղտնալսում են։ Ապրում ենք մի երկրում, որտեղ բոլորին լսում են»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը հավելեց՝ հրապարակված ձայնագրություններում, սակայն, ընտրախախտման մասին խոսք չկա, ավելին՝ այս պահին նույնիսկ ընտրական գործընթաց գոյություն չունի։
Ապա Էդգար Ղազարյանն անդրադարձավ այն երկակի ստանդարտներին, որոնք կան այսօր.
«2021 թվականին ՔՊ-ի համամասնական ցուցակով բոլոր մարզպետները եղել են պատգամավորի թեկնածուներ։ Ընտրությունների ընթացքում բոլոր մարզերում բաժանվել են հավի ճտեր։ Ես այդ գործով դիմել եմ դատարան և հասել եմ նրան, որ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն հետագայում այն կարճվել է՝ այն հիմնավորմամբ, որ հանցակազմ չկա, մինչդեռ փաստացի արձանագրված էր, որ մարզպետարանների աշխատակիցները ճտեր են բաժանել տարբեր մարզերում։
Ես անձամբ ներկայացրել եմ ապացույցներ՝ ցուցակներ, հեռախոսահամարներ, հասցեներ, ստացողների ստորագրություններ։ Եկել եմ հենց այստեղ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի շենք, որպես վկա ցուցմունք եմ տվել։
Հիմա նայեք հակադրությունը․ այդ դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվում կամ կարճվում է, իսկ այսօր տեսնում ենք բոլորովին այլ իրավիճակ, սա է այս իշխանության դեմքը՝ երկակի ստանդարտներ»։