«Հրապարակ». Ռուսական շրջանակները Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում
14/04/2026 08:28

«Հրապարակ». Ռուսական շրջանակները Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։ Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհուրդը և ներկայում դրա համանախագահն է՝ ռուսական կողմից։ Նաև Ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։ 

Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից և նրան փոխարինողի թեկնածություններ են քննարկում: Ռուսական աղբյուրներն ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկվում են նաև Կամո Ավագումյանի և Կարեն Շահնազարովի տարբերակները։ «Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը, սակայն, ավելի շատ բիզնեսով է զբաղված, և համայնքի հարցերը հնարավոր է ստորադասվեն, իսկ Շահնազարովին ավելի շատ ռուսական շահերն են հետաքրքրում, քան՝ հայկական»։

«Հրապարակ». Ռուսական շրջանակները Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում