Իշխանությունը երբ պետք է՝ արևմտամետ է, երբ պետք է՝ ռուսամետ. Ռուստամյան
16/04/2026 11:56

Իշխանությունը երբ պետք է՝ արևմտամետ է, երբ պետք է՝ ռուսամետ. Ռուստամյան

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել, երբ պետք է լինում՝ դառնում են արևմտամետ, երբ պետք է՝ խիստ ռուսամետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։

«Իրենց խնդիրը մնում է նույնը, այնպես անել, որ բոլոր դաշտերում համարվեն լավագույնը և բոլորի կողմից ընդունվածը։ Բայց կա անցած ճանապարհ, քայլեր, որոնք ցույց  են տալիս, որ իրենց հայտարարություններն անհամատեղելի են իրենց գործերի հետ»,-ասաց Ռուստամյանը։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են, Արմեն Ռուստամյանն արձագանքեց.

«Իր ասելով են ամենաբարձր։ Եթե նա բարձր մակարդակ է համարում ԵՄ ուղղությամբ քայլեր կատարելը, օրենքը ընդունելը, բայց պարզվում է, որ ԵԱՏՄ-ի գլխավոր ջատագովն է եղել, մենք էլ եղել ենք դեմ խոսողը»։

Պատգամավորի գնահատմամբ՝ Փաշինյանը վարում է «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականություն, մինչդեռ իրենք միշտ էլ կողմնակից են եղել «և՛-և՛»-ի քաղաքականությանը։