.jpg)
Հայաստանը վաճառքի չի դրվելու ընտրություններով. Արման Թաթոյան (Տեսանյութ)
«Ոչ ոք մեզ չի հարցնում՝ ի՞նչ ենք մենք ուզում։ Մոսկվայից բացահայտ, տեսախցիկի առջև հայտարարում են՝ ձեր ընտրություններում ուզում ենք տեսնել ռուսամետ ուժեր։ Բաքվից ասում են՝ մենք ուզում ենք, որ հաղթի Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելն էլ ունի իր նախընտրությունները, ու ոչ ոք դրանից չի ամաչում»,-ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա ընգծել է՝ Հայաստանի խորհրդարանի ընտրությունները չեն կարող լինել ուրիշի շահերի համար։
«Նա, ով առաջարկում է ընտրել Ռուսաստանի համար, Եվրոպայի համար, նա, ով ասում է՝ ես կամ պատերազմ, վաճառքի է հանում Հայաստանի ինքնիշխանությունը ընտրական արդյունքի դիմաց։ Երկրի արտաքին քաղաքական ուղին որոշվում է միջազգային պայմանագրերով, ինստիտուտներով, երկրի շահերով, ոչ թե մարդկանց վախերից ելնելով։ Մեզ թվում էր, այս ամենը հասկանալի է, բայց պարզվում է, որ ոչ։ Մի ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանություն, կորցրել է միլիոնավոր կյանքեր, տարածքներ՝ 2020, 2022, 2023 թթ․ անցել է ողբերգական պատերազմների միջով, մնացել է փաստացի առանց դաշնակիցների, առանց իրական օգնության, հիմա պետք է քվեարկի ուրիշների շահերի համար ու անունը դնի ընտրություն»։
Արման Թաթոյանը նաև նշել է՝ հայ ժողովուրդն արժանի է այնպիսի ազգային պետության, որը մտածում է հանրային շահերի մասին։
«Մենք ընտրում ենք Հայաստանը ոչ թե նրա համար, որ մեկուսանում ենք կամ փակվում ենք աշխարհից, այլ որովհետև միայն սեփական արժանապատվությամբ է հնարավոր կառուցել հարաբերություններ Արևելքի և Արևմուտքի, հարևանների հետ։ Պետությունը, որը չի հարգում ինքն իրեն, հարգանքի չի արժանանա աշխարհում ոչ մեկի կողմից, և միայն արժանապատվություն ունեցող ժողովուրդն է, որ կարող է իր մեջ գտնել զարգացման ռեսուրս և ապագա կառուցելու կարողություն։
Հունիսի 7-ի ընտրություններն այն մասին են, թե ինչ ենք ուզում մենք, ոչ թե այն մասին, թե ինչ են ուզում ուրիշները»։