.jpg)
Երևանում մի շարք փողոցներ կանվանափոխվեն և կստանան նոր անուններ
Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք նախագծեր, որոնք վերաբերում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում փողոցների անվանակոչմանը և վերանվանակոչմանը։
Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի Տիտիգրադյան փողոցը առաջարկվում է վերանվանել «Պոդգորիցայի փողոց»։
Կենտրոն վարչական շրջանում Արսեն Ամիրյան փողոցը նախատեսվում է անվանափոխել «Պապ թագավորի փողոց»։
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում մի քանի փողոցներ կկոչվեն հայտնի գործիչների անուններով․ 1-ին փողոցը՝ գրող Կոստան Զարյանի, 2-րդ փողոցը՝ Մխիթար Սեբաստացու, իսկ 9-րդ փողոցը՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի անունով։
Դավթաշեն վարչական շրջանում ևս նախատեսվում են փոփոխություններ․ Դավթաշենի 1-ին փողոցը և դրա նրբանցքները կկոչվեն ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով։ Բացի այդ, Դավթաշենի 9-րդ փողոցը կվերանվանակոչվի «Գրիգոր Խանջյան փողոց», իսկ 4-րդ փողոցը՝ «Հենրիկ Սիրավյան փողոց»։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարապետ Ուլնեցու փողոցից մինչև Էզրաս Հասրաթյան փողոց ձգվող ճանապարհահատվածը նախատեսվում է անվանակոչել վիրաբույժ Համլետ Թամազյանի անունով։
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցը կկոչվի նկարիչ Էդուարդ Աբաջյանի անունով։
Նշվում է, որ նշված որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։