Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան
20/04/2026 13:03

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան

«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ներկայացրել է, թե ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ» Հայաստանի իրականությունում։

Նա 2026 թվականի հունվարի 16-ին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։

«Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։

Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Հանդիպումը կազմակերպվեց։

Լսեցին։

Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։

Խնդրեցին ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։

30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։ Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։

Պատասխանը՝ «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։

Այսօր 20․04․2026-ն է։

Եվ… լռություն. ո՛չ դիրքորոշում, ո՛չ գնահատական, ո՛չ պաշտպանություն։

Եզրակացություն. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք… և հետո սպասել անորոշ ժամանակով։

Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ»,- ընդգծել է Անուշ Պողոսյանը։